Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկան. ՄԱՍ 3.

12 ր.   |  2025-02-07
Մաս 3. Հարավային Կովկասի երկրների 14-29 տարեկան երիտասարդների աշխարհաքաղաքական կողմնորոշումները և դրանց փոփոխության կանխատեսումները 

Ա դրբեջանի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները բավական սուղ են, իսկ հետազոտողների համար բաց շտեմարաններ փաստորեն չկան, այդ պատճառով 2022 թ.-ին Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում կատարված երիտասարդական սոցիոլոգիական հետազոտությունները եզակի հնարավորություն են տալիս ստանալու Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ հարցերի պատասխաններ և ստանալ Հարավային Կովկասի երկրների երիտասարդների համեմատական նկարագրությունները։

Ո՞րն է ամենաբարեկամական երկիրը

Ե րիտասարդական հետազոտություն 2022»-ում երիտասարդների արտաքին քաղաքական կողմնորոշումների ուսումնասիրության համար կիրառվել է երկու մոտեցում։ Առաջինը՝ նրանց տրվել է «Կովկասյան Բարոմետր» հետազոտություններում կիրառված բաց հարցը․ «Ձեր կարծիքով, որ երկիրն է [Ձեր երկրի] ամենամոտ ընկերը»[1], հարցվողներից ընդունելով միայն մեկ պատասխան։ Երկրորդ մոտեցումն էր՝ հարցվողներին ներկայացնել երկրների ցանկ և խնդրել, որպեսզի նրանք նշեն, թե այդ երկրներից որո՞նք են նպաստում կամ խոչընդոտում իրենց երկրի զարգացմանը որոշակի ոլորտում։

«Ձեր կարծիքով, որ երկիրն է [Ձեր երկրի] ամենամոտ ընկերը» հարցին տրված պատասխաններն Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ներկայացված են Աղյուսակ 4-ում։

Աղյուսակ 4 Ամենաբարեկամական երկիրը, «Երիտասարդական հետազոտություն 2022» 

Ընդհանուր առմամբ աղյուսակի տվյալները ցույց են տալիս նույնը՝ ինչը բացահայտվել է «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում։ Ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ  երիտասարդների շրջանում Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումները զույգ առ զույգ չեն համընկնում։ Հայաստանում երիտասարդների կողմնորոշումները երկբևեռ են՝ 50%-ը ամենաբարեկամ երկիր են համարել Ռուսաստանը, իսկ 18%-ը՝ Ֆրանսիան[2]։  Վրաստանում՝ Ուկրաինան՝ 28%, ԱՄՆ-ն՝ 18% և Թուրքիան՝ 11%: Ադրբեջանում բացարձակ գերակշռում է Թուրքիան՝ 89%, որը փաստորեն չի տարբերվում «Կովկասյան բարոմետր 2013»-ի համահանրապետական տվյալներից՝ 91%։

Ստացված տվյալները հաղորդակցվում են նախաբանում դիտարկված թեզերի հետ՝ Վրաստանում և Հայաստանում տեղի են ունեցել էական քաղաքական փոփոխություններ և պատերազմներ, որոնց հետևանքով մինչև 2007 թ. այդ երկրներում ռուսաստանյան կողմնորոշումների շատ բարձր մակարդակը խիստ նվազել է։ Դրա փոխարեն  Հայաստանում զարգացել է ֆրանսիական (որը եվրոպական կողմնորոշման ներկայացուցիչն է) կողմնորոշումը, իսկ Վրաստանում՝ իր առաջնային, սակայն ոչ շատ բարձր դիրքն է պահպանել ամերիկյան դիրքորոշումը, որը երկրորդ տեղում է։ Վրաստանի երիտասարդության շրջանում առաջին ամենաբարեկամ երկիրն Ուկրաինան էր՝ 28%։ Ընդ որում, Վրաստանում և Հայաստանում նորից արտահայտվել է արտաքին կողմնորոշումներում կոգնիտիվ դիսոնանսը, որի մասին են վկայում «[Երկիրը] չունի ամենաբարեկամական երկիր» դիրքորոշման բարձր արժեքները Վրաստանում՝ 19%, իսկ Հայաստանում՝ 22%։ Ի հավելումն՝ Վրաստանում այդ հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների բավական մեծ հատվածը՝ 10%։ 

Ադրբեջանում երկրի արտաքին կողմնորոշման տեսակետից երկիմաստություն չկա՝ Թուրքիան ամենամեծ բարեկամն է (89%) և չունի որևէ մրցակից։ Նշենք, որ այդ մակարդակն ըստ էության նույնն է, ինչ Ադրբեջանի ողջ հասարակությունում 2011 և 2013 թվականներին Թուրքիան ամենաբարեկամ երկիր համարողների թիվը, համապատասխանաբար՝ 90% և 91%։ Այսինքն, Ադրբեջանում Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը, որպես Ադրբեջանի ամենաբարեկամ երկիր վերարտադրվում է։ 

Դիտարկվել են «ամենաբարեկամական» երկրների բաշխումները երիտասարդների տարիքային խմբերում (Աղյուսակ 5, Աղյուսակ 6, Աղյուսակ 7)։

Հայաստանում արտաքին քաղաքական կողմնորոշումների բաշխումներն ըստ տարիքային խմբերի վիճակագրորեն հավաստի տարբերվում են: Այդ տարբերությունը հիմնականում պայմանավորված է «Չկա այդպիսի երկիր» պատասխանի տարբերակի ընտրությունով տարիքային խմբերում․ 

  • Որքան ավելի բարձր տարիքային խումբը, այնքան, մնացած հավասար պայմաններում, երիտասարդներն ավելի են հակված նշելու, որ Հայաստանը չունի ամենաբարեկամ երկիր։ 

Աղյուսակ 5 Ո՞րն է Հայաստանի ամենաբարեկամ երկիրը, ըստ տարիքային խմբերի, «Երիտասարդական հետազոտություն 2022», Հայաստան։

Վրաստանում արտաքին քաղաքական կողմնորոշումների բաշխումներն ըստ տարիքային խմբերի նույնպես վիճակագրորեն հավաստի տարբերվում են: 

  • Որքան ավելի բարձր է տարիքային խումբը, այնքան, մնացած հավասար պայմաններում, Վրաստանի երիտասարդներն 
  • ավելի քիչ են հակված նշելու «Ուկրաինան» որպես Վրաստանի ամենաբարեկամ երկիր։
  • ավելի քիչ են հակված նշելու, «Թուրքիան» որպես Վրաստանի ամենաբարեկամ երկիրն։
  • Ավելի շատ են հակված նշելու, որ Վրաստանը չունի ամենաբարեկամ երկիր։

Աղյուսակ 6 Ո՞րն է Վրաստանի ամենաբարեկամ երկիրը, ըստ տարիքային խմբերի, «Երիտասարդական հետազոտություն 2022», Վրաստան։

Ադրբեջանում արտաքին քաղաքական կողմնորոշումների բաշխումներն ըստ տարիքային խմբերի էապես չեն տարբերվում, բացի Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումից, որն ունի նվազման միտում։ Եթե 25-29 տարեկանների շրջանում Ռուսաստանը ամենաբարեկամ երկիր էր նշել 6%-ը, ապա 14-17 տարեկանների շրջանում՝ 2%-ը։[3] 

  • Որքան ավելի ցածր է տարիքային խումբը, այնքան, մնացած հավասար պայմաններում, երիտասարդներն ավելի քիչ են հակված նշելու, որ «Ռուսաստանը» Ադրբեջանի ամենաբարեկամ երկիրն է։

Աղյուսակ 7 Ո՞րն է Ադրբեջանի ամենաբարեկամ երկիրը, ըստ տարիքային խմբերի, «Երիտասարդական հետազոտություն 2022», Ադրբեջան։

Արտաքին քաղաքական կողմնորոշումների չափողականությունները

Ա րտաքին քաղաքական դիրքորոշումների վերը նշված երկրորդ մոտեցումը իրականացվել է յոթ առանձին հարցերի միջոցով։ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում դիտարկվել են միևնույն հարցերը։ Յուրաքանչյուր հարցի դեպքում բոլոր երկրների երիտասարդներին տրվել է գնահատվող երկրների միևնույն ցուցակը։ Ընդհանուր դեպքում հարց է տրվել. «Ձեր կարծիքով, [Ձեր երկրի] համագործակցությունը հետևյալ երկրներից որի՞ հետ [կնպաստի/կվտանգի] [տվյալ ոլորտին]։ Այս ցանկից ընտրեք բոլոր երկրները, որոնք համապատասխանում են [Ձեր կարծիքին]»։

Օրինակ, հարցերից մեկը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Ձեր կարծիքով, Հայաստանի համագործակցությունը այս ցուցակում տրված երկրներից որի՞ հետ կնպաստի Հայաստանի տնտեսական աճին։ Նշեք բոլոր երկրները, որոնք Ձեր կարծիքով համապատասխանում են»։

Դիտարկվել են հետևյալ ոլորտները և յուրաքանչյուր ոլորտի դեպքում գնահատվող երկրի ազդեցության ուղղությունը՝ կնպաստի զարգացմանը կամ կխոչընդոտի զարգացմանը։

  1. Կնպաստի [երկրի] տնտեսական աճին,
  2. Կնպաստի [երկրում] մարդու իրավունքների պաշտպանությանը,
  3. Կնպաստի [երկրի] ազգային անվտանգությանը,
  4. Կվտանգի [երկրի] ազգային արժեքները,
  5. Կվտանգի [երկրի] ազգային անվտանգությունը,
  6. Կվտանգի [երկրի] պետականությունը,
  7. Կսպառնա [երկրի] տնտեսական համակարգին։

Հայաստան

Ա ղյուսակ 8-ում տրված են դիտարկված ոլորտներում դիտարկված երկրների ազդեցությունների գնահատականները Հայաստանում։

Աղյուսակ 8 Հայաստանի վրա դիտարկված երկրների դրական և բացասական ազդեցությունների բաշխումները, «Երիտասարդական հետազոտություն 2022», Հայաստան

Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը բարձր դրական ազդեցություններ է սպասում Ռուսաստանից։ Դրական, սակայն Ռուսաստանին նշանակալիորեն զիջող ազդեցություններ են սպասվում ԱՄՆ-ից, Իրանից և Եվրոպական Միությունից։

Ռուսաստանից սպասվող դրական ազդեցություններն են՝ երկրի ազգային անվտանգությանը, տնտեսական աճին նպաստելը և՝ որքան էլ տարօրինակ թվա մարդու իրավունքների պաշտպանությունը։

ԱՄՆ-ից սպասվող դրական ազդեցություններն են՝ տնտեսական աճին և մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը։ Ընդ որում սպասելիքներն ԱՄՆ-ից ավելի ցածր են, քան սպասելիքները Ռուսաստանից։

Իրանից սպասվող դրական ազդեցություն է տնտեսական աճին նպաստելը։

ԵՄ երկրներից սպասվող դրական ազդեցությունները համանման են ԱՄՆ-ից սպասելիքներին, սակայն ավելի թույլ են արտահայտված։

Հայաստանի երիտասարդները բացասական սպասելիքներ ունեն Թուրքիայից և Ադրբեջանից։ Նրանք համարում են, որ այդ երկրների հետ համագործակցությունը կսպառնա երկրի ազգային արժեքներին, երկրի ազգային անվտանգությանը, երկրի պետականությունը և երկրի տնտեսական համակարգին։ 

Հայաստանի երիտասարդությունը թույլ արտահայտված որոշակի սպառնալիքներ է տեսնում Ռուսաստանից՝ ազգային արժեքների և երկրի պետականության ոլորտներում։

Վրաստան

Ա ղյուսակ 9-ում տրված են Վրաստանում երիտասարդների կողմից սպասվող ազդեցությունները դիտարկված ոլորտներում՝ դիտարկված երկրներից։

Աղյուսակ 9 Վրաստանի վրա դիտարկված երկրների դրական և բացասական ազդեցությունների բաշխումները, «Երիտասարդական հետազոտություն 2022», Վրաստան

Վրաստանի երիտասարդության շրջանում դրական սպասելիքներ են առկա նախ և առաջ Եվրոպական Միությունից, իսկ հետո՝ ԱՄՆ-ից։ Ըստ երիտասարդների ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կնպաստեն Վրաստանի տնտեսական աճին, երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և երկրի ազգային անվտանգությանը։ Երիտասարդների որոշակի հատված (12%) համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են նպաստել երկրի տնտեսական աճին։

Վրաստանի երիտասարդների բացասական սպասումները կապված են Ռուսաստանի հետ։ Նրանք համարում են, որ Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը սպառնալիք է բոլոր դիտարկված ոլորտներում՝ երկրի ազգային արժեքների պահպանման, երկրի ազգային անվտանգությանը, երկրի պետականությանը և երկրի տնտեսական համակարգին։

Ադրբեջան

Ա ղյուսակ 10-ում տրված են դիտարկված ոլորտներում դիտարկված երկրներից սպասվող ազդեցությունները Ադրբեջանի երիտասարդության շրջանում։

Աղյուսակ 10 Ադրբեջանի վրա դիտարկված երկրների դրական և բացասական ազդեցությունների բաշխումները, «Երիտասարդական հետազոտություն 2022», Ադրբեջան

Ադրբեջանում երիտասարդների դրական սպասումներն ունեն երկրների լայն շրջանակ[4]։ Այդուհանդերձ, անվերապահորեն ամենամեծ և շատ բարձր դրական սպասումները Թուրքիայից են։ Երիտասարդները համարում են, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կնպաստի տնտեսական աճին (86%), երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը (80%), երկրի ազգային անվտանգությանը (90%): Դրական սպասումների տեսակետից Թուրքիային հաջորդում են Ռուսաստանը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ն, Վրաստանը և Իրանը։ 

Ադրբեջանի երիտասարդությունը բացասական սպասումներ ունի Հայաստանի հետ համագործակցությունից, սակայն դրանք նշանակալիորեն ավելի թույլ են արտահայտված, քան Վրաստանում բացասական սպասումները Ռուսաստանից և Հայաստանում բացասական սպասումները  Ադրբեջանից և Թուրքիայից։ Նշված իրավիճակի ճիշտ ընկալման և մեկնաբանության համար հիշենք, որ հետազոտությունը տեղի է ունեցել 2020 թ. պատերազմից հետո, որի հետևանքով, չի բացառվում, որ արդյունքները պայմանավորված են նաև պատերազմի արդյունքներով։  

Բացասական սպասումների տեսակետից Ադրբեջանի երիտասարդության դիրքորոշումներում երկրորդ տեղում է համագործակցությունը Ռուսաստանի հետ, որին հետևում են՝ Իրանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ 

Հարկ է նշել, որ Ադրբեջանում բացասական սպասումների տեսակետից շատ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել արդյոք բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա նշված երկրներից որևէ մեկի հետ համագործակցությունը տվյալ ոլորտում։ Ըստ ոլորտների չկողմնորոշված երիտասարդների թիվը գտնվում է 24-31% միջակայքում։ 

Հարավային Կովկասի երիտասարդության շրջանում արտաքին քաղաքական կողմնորոշումների կանխատեսում

Կանխատեսման մոտեցումը։ Հետազոտության շրջանակում դիտարկվել են Հարավային Կովկասի երեք երկրներում ութ երկրների հետ յոթ տիպի ազդեցությունների գնահատում, ընդամենը՝ 168 գնահատական։ Այդ գնահատականները դիտարկվել են երեք տարիքային խմբերում՝ 14-17, 18-24 և 25-29 տարեկաններ։ Կարելի է ենթադրել, որ տարիքային խմբերի դիտարկումն ըստ նվազման մոտարկում է ժամանակի ընթացքի ազդեցությունը։ 

Եթե պարզվի, որ Հարավային Կովկասի տրված երկրում, տրված ոլորտում հարաբերության ազդեցությունը տրված երկրի հետ տարիքի նվազմանը զուգահեռ մոնոտոն աճում է կամ նվազում (կամ ամենաերիտասարդ տարիքային խմբում գնահատականը նշանակալիորեն ավելի մեծ է կամ փոքր մյուս տարիքային խմբերի գնահատականներից), ապա կարելի է [օրինակ] կանխատեսման էքստրապոլյացիոն մեթոդով միջոցով կանխատեսել 14-17 տարեկաններին հաջորդող՝ ավելի երիտասարդ խմբում, օրինակ՝ 10-13 տարեկաններ, այդ ազդեցության գնահատականի արժեքը։ 

Աղյուսակ 11-ում տրված են Հարավային Կովկասի տրված երկրում, տրված ոլորտում համագործակցության ազդեցության գնահատականները այլ տրված երկրի հետ համագործակցության դեպքում, տարիքային խմբերում՝ ըստ տարիքի նվազման։ Կանխատեսվող տարիքային խումբ է սահմանվել 10-13 տարեկանների խումբը։

Օրինակ՝ աղյուսակի առաջին տողը ցույց է տալիս, որ «Հայաստանում տնտեսական աճին կնպաստի Ռուսաստանի հետ համագործակցությունը» դրույթին համաձայն են Հայաստանի 14-29 տարեկան երիտասարդների 51%-ը։ Ընդ որում այդ դրույթին համաձայն են՝ 25-29 տարեկանների 56%-ը, 18-24 տարեկանների 50%-ը և 14-17 տարեկանների 44%-ը։ Նշված գնահատականները հաշվարկվել են հետազոտության տվյալների շտեմարանի միջոցով։ Գծային էքստրապոյացիայով հաշվարկվել է, որ ներկայիս 10-13 տարեկանների խմբում, [մի քանի տարի անց] դիտարկվող դրույթին համաձայն կլինի նրանց 38%-ը։ 

  • Այսինքն, կարելի է ենթադրել, որ, առկա միտումների պահպանման դեպքում, Հայաստանի երիտասարդության դիրքորոշումները, որ «Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ կնպաստի Հայաստանի տնտեսական աճին»՝ ժամանակի ընթացքում կնվազեն։ 

Աղյուսակի երրորդ տողը նշանակում է, «Հայաստանում տնտեսական աճին կնպաստի ԱՄՆ հետ համագործակցությունը» դրույթին համաձայն են Հայաստանի 14-29 տարեկան երիտասարդների 36%-ը։ Ընդ որում, այդ դրույթին համաձայն են 25-29 տարեկանների 30%-ը, 18-24 տարեկանների՝ 38%-ը և 14-17 տարեկանների՝ 44%-ը։ Գծային էքստրապոյացիայով հաշվարկվել է, որ 10-13 տարեկանների խմբում, երբ նրանք հասնեն այն տարիքին, երբ նրանց հետ հնարավոր կլինի հարցում կատարել, դիտարկվող դրույթին համաձայն կլինի նրանց 51%-ը։ 

  • Այսինքն, առկա միտումների պահպանման դեպքում, Հայաստանի երիտասարդության եկող՝ նոր սերնդի դիրքորոշումները, որ «Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ հետ կնպաստի Հայաստանի տնտեսական աճին» ժամանակի ընթացքում կաճեն։

Աղյուսակի մնացած տողերը մեկնաբանվում են համանման կերպով։

Աղյուսակ 11 Հարավային Կովկասի երիտասարդության շրջանում արտաքին քաղաքական կողմնորոշումների կանխատեսում

Աղյուսակ 12 Հարավային Կովկասի երիտասարդության շրջանում արտաքին քաղաքական կողմնորոշումների կանխատեսում

Աղյուսակի տվյալներից կարելի է դուրս բերել հետևյալ ընդհանուր եզրակացությունները․

  • Հայաստանի երիտասարդության շրջանում․ 
    • նվազման միտում ունեն Ռուսաստանի հետ համագործակցությունում դրական սպասումները,
    • նվազման միտում ունեն Իրանի հետ համագործակցությունում դրական սպասումները,
    • աճի միտում ունեն ԱՄՆ հետ համագործակցությունում դրական սպասումները,
    • նվազման միտում ունեն Թուրքիայի հետ համագործակցությունում բացասական սպասումները,
    • նվազման միտում ունեն Ադրբեջանի հետ համագործակցությունում բացասական սպասումները։
  • Վրաստանի երիտասարդության շրջանում․
    • Աճի միտում ունեն ԱՄՆ հետ համագործակցությունում դրական սպասումները 
    • Աճի միտում ունեն Ռուսաստանի հետ համագործակցությունում բացասական սպասումները,
  • Ադրբեջանում․
    • Նվազման միտում ունեն Վրաստանի հետ համագործակցությունում դրական սպասումները,
    • Նվազման միտում ունեն Թուրքիայի հետ համագործակցությունում բացասական սպասումները,
    • Նվազման միտում ունեն ԱՄՆ հետ համագործակցությունում բացասական սպասումները։

Ստացված արդյունքները համահունչ են ՄԱՍ 1-ում դիտարկված դրույթներին՝ 

  • Արևմուտքի երկարատև ռազմավարությունները Հայաստանում և Վրաստանում արդյունավետ են, իսկ Ադրբեջանում՝ թույլ են արտահայտված։ 
  • Ադրբեջանում թուրքական կողմնորոշումը եղել և մնում է բարձր և անսասան։ 

(Շարունակելի)


[1] Երիտասարդական հետազոտությունում ամենաթշնամական երկրի վերաբերյալ հարց չի տրվել։
[2] Ըստ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության Հայաստանում 18-29 տարեկանների 40.4%-ը նշել է Ֆրանսիան, իսկ 29.1%-ը՝ Ռուսաստանը։ Ըստ «Երիտասարդական հետազոտություն 2022, Հայաստան» հետազոտության Ֆրանսիան նշել է որպես Հայաստանի ամենաբարեկամ երկիր 18-29 տարեկանների 13.8%-ը, իսկ Ռուսաստանը՝ 50%-ը։ Տվյալների նման մեծ տարբերությունը հնարավոր չէ բացատրել հետազոտությունների կատարման ժամանակահատվածների տարբերությամբ։ Հայաստանում «Կովկասյան բարոմետր 2022»-ի դաշտային փուլը տեղի է ունեցել ՝ 2021 թ.դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ. փետրվարի 28-ը, իսկ «Երիտասարդական հետազոտություն 2022»-ի  դաշտային փուլը՝ սկսվել է 5 ամիս հետո՝ 2022 թ. հունիսի 19-ից և ավարտվել՝ օգոստոսի 17-ին։ 

Ըստ հետազոտություններն ուղեկցող փաստաթղթերում տրված նկարագրությունների այդ հետազոտությունների ընտրանքների նախագծումը կատարված է գիտական պահանջներին համապատասխան։ Չի բացառվում, որ տվյալների միջև մեծ տարբերությունը կարող է բացատրվել դաշտային փուլերի կատարման որակով և առանձնահատկություններով։ Անհամապատասխանությունների պատճառ կարող է լինել հետազոտություններում արձագանքման ցածր մակարդակները: Մասնավորապես, «Կովկասյան բարոմետր Հայաստան 2021»- ի դեպքում այն կազմել է 35%, իսկ «Երիտասարդական հետազոտություն 2022, Հայաստան»-ի դեպքում այդ ցուցանիշը հեղինակի համար անհասանելի էր։ Այսպիսի դեպքերում արդյունքների վրա էապես կարող է ազդել հարցմանը մասնակցելը մերժած անձանց փոխարինման ընթացակարգը։

Անհամապատասխանությունների հանգուցալուծման համար առավել գերադասելի մոտեցումն է այդ հետազոտությունների հետազոտական խմբերով, որոնք հայաստանյան խմբեր են, խնդրի համատեղ քննարկումը։ Սա կարևոր է ոչ այնքան դիտարկված, որքան հետագա հետազոտությունների տվյալների նկատմամբ վստահության պահպանման և բարձրացման համար։
[3] «Ռուսաստանը Ադրբեջանի ամենաբարեկամ երկիրն է» դիրքորոշման նվազումն ուղեկցվում է Իսրայելի, Ուկրաինայի և Գերմանիայի նկատմամբ դրական դիրքորոշման թույլ աճով։ Այդ աճի «թուլությունը» բացատրվում է Թուրքիայի նկատմամբ դիրքորոշման շատ բարձր մակարդակով։ Հետազոտություններում հարցաթերթային հարցի այնպիսի կիրառման դեպքում, երբ թույլատրվում է «միայն մեկ՝ լավագույնի ընտրություն», առաջին տեղում գտնվող օբյեկտի շատ բարձր արժեքը «ճնշում է» և նվազեցնում մնացած օբյեկտների գնահատականները, և նշված մեթոդաբանական հանգամանքը հաշվի չառնելու դեպքում, տվյալների կոնֆիգուրացիան կարող է կազմավորել իրական բովանդակային իրավիճակի վերաբերյալ աղավաղված պատկերացում։ 

Եթե հետազոտությունում կիրառվեր, օրինակ, «Ձեր կարծիքով, թշնամի, չեզոք, թե՞ բարեկամ երկիր է [երկիրը]», ապա չի բացառվում, որ տվյալ դեպքում Իսրայելը կամ Ուկրաինան, որպես բարեկամ երկիր (առանց՝ «ամենա» նախածանցի), կարող էին ստանալ 50-80%։
[4] Այս հետազոտական փաստը հաստատում է ծանոթագրություն 3-ի բովանդակությունը։

Հոդվածին կից ֆայլեր՝